Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Էլիտար սերմացուի իններորդ ալիքը (քաղաքական ճորտության տրնդեզը)

Էլիտար սերմացուի իններորդ ալիքը (քաղաքական ճորտության տրնդեզը)
14.02.2014 | 11:57

«Ստրկացված ժողովուրդները չեն կարող լիանալ ոչ երկրային, ոչ էլ երկնային շնորհներից։ Ինչպես հնձված արտի եզերքներին թողնված հատիկներից, այնպես էլ նրանք իրենց հավատից են սնվում, ամոթահարված և անամոթաբար»։
«Ծրագրված ապերախտություն»,
Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ԹԵԹԵՎՍՈԼԻԿ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԱՂԻ ԵՎ ՔՄԾԻԾԱՂԻ ՇՈՒՐՋ

(ֆելիետոն-նամե)

Այո՜, լեռը դարձյալ երկնեց ու մեկեն ծնկեց, հայ գյուղաբնակ ֆերմերը 2014-ի գարնանը երես է թեքում իր հինգհազարամյա գուրգուրելի հողից, զի կառավարության տրամադրած էլիտար սերմացուն նեխած պտուղ է տալիս, քարից հաց քամող արորդիները կքում են էլիտար սերմացուի թունոտ վարկի տակ և տաշում պանդխտության գավազանը։ ՀՀ կառավարությունը գերազանցում է ինքն իրեն, գյուղերը տեսանելի ապագայում կբարոյազրկվեն անտերության մատնվելով։ Բայց ի՜նչ փույթ, կմեծանան ներկրումների ծավալները, մի՞թե անտեղի են հիմնադրվում անհամար մոլերն ու մարկետները։

Սա անհրաժեշտ է, զի պարզապես անհարմար է, որ Վանաձորում վաճառվող խոզապուխտը գնով զիջի պետերբուրգյան խոզապուխտին, Տանջլու գյուղի բռաչափ վաճառատանը դիրքավորված վարտիքը անամոթաբար էժան լինի, դիցուք սուզդալյան վարտիքից։ Անհնար է, զի ռուսական գազը ՀՀ է ներխուժում ոչ միայն անհավանականորեն թանկ, այլև կալորիազուրկ։ Սակայն մի՞թե սա ծրագրավորված սադրանք չէ հանդեպ մեզ։ Հարկավ։

Մի խոսքով, Մոսկովն էլ է խփում մեր թարախոտ ամորձիներին, մրցակցելով նորահայոց հետ։ Ինչպե՞ս, շատ պարզ եղանակով, ՄՄ անդամագրմամբ սննդամթերքի գները բարձրանալու են։ Եվ, ահավասիկ, վայուն է ամենուր, քաղաքական ընդդիմությունը լալահառաչ վկայում է` ՄՄ-ին կցվելեն ետքը գներն առավել բարոյազրկվելու են, վերնախավակույտը չի առարկում, ալարկոտ հակադարձում է գալուստսահակյանական վերամբարձ քմծիծաղով։ Այո՜, երկիրը կորցնում է ժամանակի ու իրավիճակի զգացողությունը, ինչպես լուլ հարբածը գինետան սրահում։ Մի բան, որը, ի դեպ, չհաջողվեց ո՛չ լևոնական շրջափուլի վավաշոտ ազատականներին, ո՛չ էլ ռոբերտական բթամիտ արմատականներին։

Մի խոսքով, սակագների մշտարթուն աճը մեր անկախության չմարվող պարտամուրհակն է։ ՈՒ սա որքան ամուր ագուցենք ականջներիս, այնքան ավելի տանելի կլինի ապրել մի կենսադաշտում, որ վերնախավաներքնակույտը (ուշադրություն` սա նոր բնորոշում է մեր վերին դասին) վարկեր է մուրում, լիանում է, մարումը թողնելով անկախական սերնդի կախյալ ուսերին և սույնը համարում է պետականության կայունացման գործում մեծագույն ձեռքբերում։ Կարծես յուրաքանչյուր վարկամարումից ետքը վերնախավաներքնակույտը պիտի հանրապետության դրոշներին սև ժապավեն փաթաթեր և դրոշները գոնե մեկ ժամով խոնարհեր։ Բայց էական տարբերություններ կան ոչ վաղ անցյալի վավաշոտ ազատականների, բթամիտ արմատականների և սրանց խառնուրդ, ներկա պետականակերների միջև։ Այսպես, վավաշոտ-ազատականները այսուհանդերձ գնահատում էին պատմական պահի լրջությունը (ազատամարտը Արցախում և այլն) և վարկավորվում-հղփանում էին լրջախոհ դիմախաղով, այսինքն, հանուն անկախության անհրաժեշտ է դիմակայել ցրտին, մթին և վարկային բռնաբարումներին։ Դիմակայեցինք։ Կեցցե՜նք մենք։ ՈՒ մինչ մեր կեցության խորհուրդն էինք կակազում, ժամանեցին արմատականները։ Եվ սկսեցին ժպտալ լայնաբերան, ի խորոց սրտի և ի նվաստացում երկրի։ Անմեղսունակների թատրոնի վարագույրները երկփեղկվել էին հյուսիսից հարավ, վարկատուները բավարարված էին, վարկամուրողները` է՛լ ավելի, մենք էլ կակազումներից անցանք պարսավանքի։ Վարկամուրումը, այնինչ, բարձրացվել է երկրաշենության գերակայության։ Եվ, իսկապես էլ, երկիրը շենանում էր, քիչ թե շատ ծանրակշիռ վարկային գրոհից երկու ժամ անց բթամիտ-արմատականները պճնվում էին ծառայողական գերթանկարժեք շարժակազմերի բոլուկներով, երեք ամիս անց էլ վարկային թունահաբերը ծլարձակում էին նորաբաց աշխատատեղերի տեսլականներով։ Այո, Սեդրակիչի օրոք բազում աշխատատեղեր բացվեցին, որոնք իշխանամետ լրատվամիջոցների առջև նորահարսի ամոթխածությամբ լուսարձակվելով փակվում էին, երբ հորիզոնում անհետանում էր իշխանիկների վերջին շարժակազմը։ Չափազանց նշանակալից մի բան էլ էր կատարվում. վարկային գրոհից ճիշտ մեկ տարի անց դղյակներ էին շարակարգվում արևոտ երկրի զովասուն վայրերում։

Մի խոսքով` երկիրն ու հանրությունը տնվոր են սեփական օջախում ու պարտավոր են օջախը շեն պահել անկախ վարկային շնացումներից և սակագնային բռնաճնշումներից։ Այսպիսով, անկախ պետության կախյալության սակագինը 3-րդ հանրապետության կքումն է նաև օտարի շնչի ներքո։ Մերոնց արտաշնչումները ժամանակ անց գուցե երկնային մանանա կթվան, այլևս չիք որևէ սպասելիք, չէ՞ որ տիար Սերժ Սարգսյանը օրեր առաջ Կոնդ թաղամասի տանջահարված անտուններին (վերջնահաշվում ողջ երկրին) ներկայացրեց յուր կառավարման հավատո հանգանակը` որպես նախագահ պատասխանատու չէ նախկին և ներկա իշխանությունների ո՛չ բացթողումների, ո՛չ զանցանքների, ո՛չ էլ ակնհայտ հանցավորության համար։ Կեցցե՛ք։

2x2=666 ԿԱՄ ԴԱԼԵՍՅԱՆ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ» ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

(պամֆլետ-օրատորիա)

Համաշխարհային կառավարության աջթևային Ալեն Դալեսը ազնվասիրտ քաղաքական բորենի էր։ Ահավասիկ, ինչ պատգամեց նա աշխարհի խարխուլ քաղաքակրթական համակարգերին, 2-րդ համաշխարհայինի ավարտից ետքը, դրվագենք. «Պետության ղեկավարության մեջ մենք քաոս և անկարգություն կստեղծենք։ Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը»։ Ո՞վ կասի, որ 3-րդ հանրապետությունը չի սնվում դալեսյան «սահմանադրության» դրույթներից։ Անշուշտ, ոչ ոք։ Եվ, անկասկած, մեզ մնում է ճշտել մեր գոյակերպի գերակա ուղղությունները, ասենք, ապրանքատեսակների սպասվելիք թանկացումներին ընդառաջ համահանրային անհնազանդության հայեցակարգը հստակեցնենք։ (Սա ի գիտություն նախախորհրդարանի, ազատամարտի վետերան-ըմբոստների, առհասարակ հայ քաղաքացիների)։ Այո՛, կռահեցիք, անհրաժեշտ է ապրանքադուլ հայտարարել և ստիպել ազգային տնտեսությունը բռնաբարող շերխաններին զիջել, նահանջել և, ի վերջո, լքել երկիրը։ Այսինքն, եթե արդեն ամոթահարված ենք, գոնե անամոթաբար չվարվենք։ Այնինչ լֆիկաիշխանական բռնակալության մայրամուտին անհամբեր սպասելով` մենք անհագուրդ կրքով ջրում ենք նրանց ջրաղացները առավոտ կանուխ, միջօրեին և կեսգիշերից առաջ մայիսմեկյան խանդավառությամբ գրոհելով նրանց վաճառասեղանները։ Այնինչ Փակ շուկան կդառնար «ի շրջանս յուր», եթե օրն ի բուն Ալեքսանյանին անեծքաչոր անող հասարակությունը վաճառատան դռները բացվելուն պես չվերածվեր սպառողական զանգվածի և հորիզոնին առագաստ նշմարող նավաբեկյալի մոլեգին խանդավառությամբ չգրոհեր նրա «դախլերի» վրա։ Այսինքն` հողմաղացների դեմ ենք պայքարում, բայց ոչ ազնվարյուն հիդալգոյի հավատով, այլ հավատուրացի հացկատակությամբ։ ՈՒ մի՞թե «Հարսնաքարում» ծնունդ ու կնունք չեն նշվում, հարսանիք և նշանադրություն, բայց մի՞թե այստեղ թրքահոգի վայրագները չջարդեցին հայոց բանակի սպայի գլուխը։

Այսպիսով, իրավունք ունի՞ վերնախավաներքնակույտը արհամարհելու մեզ։ Հարկավ։ Զի, դեռ երբևէ որևէ իշխանություն հաշվի չի նստել սպառողական զանգվածի հետ, զանգվածին անարգում են և մոլորեցնում։

Այսպիսով` իսկապես ճանապարհը մեկն է, այն արդար է և ամոքիչ` միաբանվել հասարակական արժեհամակարգի ձևակերտման շուրջ։ Այո՛, սերիալային ազգադավ բռնաշորթումներից շահում է իշխանությունը, շահում են մի խումբ կաքավուն դերասաններ։ Կորցնում է հասարակությունը։ Այնինչ միևնույն հայեցակարգով առաջ պիտի քայլարշավենք, ոչ միայն դադարենք սերիալներով զմայլվելուց, այլև բոյկոտենք բոլոր այն թատրոնների բեմն ու դուռը, որի դերասանները, սերիալից սերիալ քոչելով, ապականում են հանրային արժեհամակարգը։ Ի վերջո, սպառողից մի՞թե չվերածնվեցինք հասարակության 2013-ի վաղ աշնանը, պարտադրելով մեր կամքը հերթական բիրտ գրոհին` ծնկի բերելու ժողովրդին 150-դրամանոց ծածկադմփոցով։ Չմարսեցին։ Դարձյալ չեն մարսի, եթե, դե, գլխի ընկաք, թե ինչ պիտի անենք։ Այո՜, այո, ընդվզենք և գաստրոնոմիական շահապաշտությունից խուսափենք, ինչպես սատանան խնկից։ Թե չէ մեր 2x2-ը հավերժ կհավասարվի 666-ի։ Բա՜։

ԳՐՈՀԻՑ ԱՌԱՋ ՊԱՔՍԻՄԱՏ ՉՈՐԱՑՆԵՆՔ

(սարկաստիկ վերջաբան)

Գալիք գաստրոնոմիական գրոհից (այսինքն` մարկետադուլից) առաջ եկեք պաքսիմատ չորացնենք և չորաթան տնտեսենք։ Քանզի մեր ձեռքում են մեր բարեկեցիկ ներկան և բարոյական ապագան։ Տեսնենք, թե ինչ իրավիճակ է հասարակության ավանգարդում, մտավորականության ներաշխարհում։ Ահավասիկ մեկ օրինակ, որը համոզում է` մտավորականություն չիք, զի նրա առաջապահներից ոմանք նույն դիրքն ունեն ժողովրդի հանդեպ, որն ունի փետրվարյան քաղցից գազազած գայլը անասնագոմի բաց դռան առաջ։ Պատկերացնենք միայն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հիացած է Լիսկա կոչվածի հանրային կյանքի բարձր իմացությամբ։ Եվ մի՞թե մենք արժանի չենք վերոնշյալ տանդեմի (իմա` Լիսկա-ԳԱԱ նախագահ երկխոսության) աքացուն մեր հանրային ստոծանուն։ Հարկավ արժանի ենք։ Հապաղումը եթե ոչ վերջնական ստրկացման, վստահաբար ճղճիմ ճորտացման է մեզ տանում, չէ՞ որ հրապարակվել է վերին հրովարտակը, և հրովարտակի ենթատեքստում ապշեցուցիչ մի խորհուրդ է հնչում` եղունգներդ սրեք, գլուխներդ քորեք։ Ավա՜ղ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ